28 September 2011

Երկրի վրա կրկին սկսվել են մագնիսական փոթորիկները


Սեպտեմբերի 22-24-ը Արեգակի վրա տեղի ունեցած ուժեղ ռենտգենյան պայթյունները հանգեցրել են Երկրի վրա հզոր մագնիսական փոթորկի, որը սկսվել է երեկ երեկոյան:
Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, երկուշաբթի երեկոյան՝ ժամը 7-ից սկսած, մագնիսական ալիքների ինդեքսը կտրուկ աճել է 1-ից մինչև 5, իսկ 3 ժամ հետո հասել է 8-ի և այդ մակարդակի վրա մնացել է 6 ժամ: Ըստ գիտնականների` մագնիսական փոթորիկը վերջին անգամ այդպիսի մակարդակի է հասել օգոստոսի 6-ին, սակայն այս անգամ ալիքը կշարունակվի ավելի երկար: Գիտնականների խոսքերով` սա սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած 10-րդ կարգի պայթյունի հետևանքն է: Դրա աղբյուրը եղել է 1302 ակտիվ շրջանը, որը սեպտեմբերի 22-ին արդեն առաջացրել էր 10-րդ կարգի պայթյուն: Այժմ ակտիվ շրջանը շարժվում է արևելքից արևմուտք, և սեպտեմբերի 29-ին այն դուրս կգա մի դիրքի վրա, որն ամենահարմարն է Երկրի «ռմբակոծության» համար: Եթե այդ ժամանակ տեղի ունենա պայթյուն, այն լուրջ հետևանքներ կունենա մեր մոլորակի համար:
Այժմ մագնիսական ալիքների մակարդակը իջել է 4-ի, սակայն չի բացառվում, որ դարձյալ կարող է հասնել փոթորկի մակարդակի: